ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքին, ասել է, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի։
«Պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն։ Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը, ցանկացած իմաստով՝ մշակութային, սպորտի, կրթության ոլորտներում։ Դրանք այն ոլորտներն են, որոնք մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության համար։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում՝ հանրային համերաշխության և, ընդհանուր առմամբ, մեր վերաբերմունքի իմաստով։ Այդտեղ մեծ անելիք ունենք»,- նշել է Անդրեասյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Այն հարցին, թե արդյոք կրթելու խնդիր կա նաև իշխանավորերին, պաշտոնյաներին, Անդրեասյանը պատասխանել է, որ չի առանձնացնի որևէ մեկին, ում համար չկա շարունակաբար իր վրա աշխատելու կարիք՝ ցանկացածն ունի կրթվելու կարիք։
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ ՔՊ-ականների վարքագծին, ապա Անդրեասյանը նշել է, որ ՄԻՊ ինստիտուտը և դրա հետ կապված բոլոր քննարկումները պետք է լինեն այն ոճի ու տոնայնության մեջ, որոնք հենց խոսում են մարդու իրավունքների և դրա նկատմամբ հարգանքի մասին։
«Ցավում եմ, եթե հնարավոր չի եղել ապահովելու մակարդակը։ Պետք է հարցադրում անել՝ ինչու հնարավոր չի եղել ապահովելու։ Գուցե որոշ մարդկանց կողմից այնքան է անլրջացել այդ ինստիտուտը և դրա նկատմամբ մոտեցումը, որ ամբողջ քննարկումը ֆեյքային է դարձվել»,- նշել է նա։
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Նա իր հոդվածում անդրադարձել էր օրերս կայացած «զազրելի միջադեպին», երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին՝ նշելով, որ դավաճան բառը ոչ թե կենցաղային հայհոյանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը։ Միջադեպին են անդրադարձել նաև 10-ից ավելի ՀԿ-ներ, որոնք տարածված հայտարարությամբ պահանջել են ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծել և քննարկել Ալեն Սիմոնյանի վարքը։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Լևոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք, իր կարծիքով, չունի:






