AM
6 Ապրիլ 2023 - 12:28 AMT

ՔՈԱՖ-ը դրամահավաք է սկսել՝ հաջակցություն Արցախի երեխաների

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։

Նշվում է, որ չնայած Արցախի ամբողջական շրջափակմանը, ՔՈԱՖ-ը մնում է հավատարիմ իր առաքելությանը և շարունակում էմատուցել կենսական կարևորություն ունեցող ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանական աջակցության, լոգոպեդական, վաղ տարիքի կրթության և սոցիալական աշխատանքի։

Արցախում իրավիճակը շարունակում է վատթարանալ, այդ իսկ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքը նպատակ ունի հույս արթնացնելու արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար և ապահովելու մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը։

Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են 2022-ից՝ 3-6 տարեկան երեխաներին տրամադրելով նախադպրոցական կրթություն և լոգոպեդի ծառայություններ, իսկ մյուս խմբերին՝ հոգեբանական և սոցիալական ծառայություններ, որոնք օգնում են տեղացիներին հաղթահարել տարածաշրջանում տիրող ճգնաժամը։ Նշվում է, որ իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։

ՔՈԱՖ-ի 9 նվիրյալ կանանցից բաղկացած ստեփանակերտյան թիմը հնարավորինս փորձում է մեղմել վերջին պատերազմի կործանարար ազդեցությունը երեխաների բարվոքության վրա։ ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցության ծրագրերը նպատակ ունեն օգնելու երեխաներին հաղթահարել հոգեբանական տրավմաները և մարտահրավերները։ Կրթական ծրագրերի բոլոր մասնագետները հոգեբաններ են, ովքեր ապահովում են լավագույն խնամքը և աջակցությունը մեր երեխաներին։

«Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին, աջակիցները կարող են միանալ մեր շարժմանը և երկարաժամկետ ներդրում կատարել արցախյան համայնքների կայունության մեջ։ Այսպես մենք կարող ենք ցույց տալ, որ այս համայնքները մոռացված չեն և մեծապես դրական ազդեցություն ունենալ այնտեղի բնակիչների կյանքի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։