AM
7 Ապրիլ 2023 - 10:40 AMT

Կոստանյանից կբռնագանձվի 1 բն․, 2 առանձնատուն, 4 մլն դրամով ձեռք բերված և 10 դրամով վաճառված մեքենա

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, նրա կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը։ Դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, հայտնում է Iravaban.net-ը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել.

Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ։

173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,

276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Նիստում ասվել է նաև, որ 2012-ին Գևորգ Կոստանյանի անվամբ հաշվառվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա, որի միջին մաքսային արժեքը կազմել է 4 միլիոն 252 հազար դրամ, դրա ձեռքբերման պահին օրինական դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 833 հազար դրամ․

«Նշված մեքենան նույն թվականին վաճառվել է 10 դրամով, այսինքն շուկայականից ակնհայտորեն էական ցածր գնով։ Ըստ փորձագետի եզրակացության, 2012-ի հունիս ամսվա դրությամբ մեքենայի միջին շուկայական արժեքը կազմել է 9 միլիոն 675 հազար դրամ։ Գևորգ Կոստանյանն այն վաճառել է Գարիկ Պետրոսյանին, ով էլ հետագայում այն օտարել է։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել ներկայիս շուկայական արժեքի՝ 7 միլիոն 800 հազար դրամի 10 տոկոսը, այսինքն 780 հազար դրամը»,-ասել է դատախազը։

Փաստաբանը դատարանին ասել է, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ հարցերը շատ են և առաջարկել է նիստը հետաձգել։ Դատավորը բավարարել է միջնորդությունը և հետաձգել դատական նիստը։

Վարչությունը Գևորգ Կոստանյանի գույքերի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2020 թվականի հոկտեմբերին։ Սահմանվել է ուսումնասիրվող ժամանակահատված՝ 1996 թվականից․ «Դատարանի որոշմամբ թույլատրվել է ստանալ Գևորգ Կոստանյանի և վերջինս հետ փոխկապակցված անձանց գաղտնիք համարվող տեղեկությունները»։