AM
7 Ապրիլ 2023 - 12:17 AMT

Մանուկյան․ Ադրբեջանցին եկել-տեսել է՝ մարդ չկա, հասել է Տեղ գյուղի սահման

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն օրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, թե իր տեղեկություններով ինչպես է ստացվել, որ ադրբեջանական կողմն առաջ է եկել։

Նա թղթի վրա գծագրելով ցույց է տվել, թե ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում` նշելով, որ ադրբեջանցիները եկել-տեսել են՝ մարդ չկա, հասել են Տեղ գյուղի սահման, գրում է Sputnik Արմենիան։

«Գրավոր կամ բանավոր պայմանավորվել են, որ մի կողմում պետք է տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցիները: Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահներն այդ կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է և տեսել՝ այդտեղ մարդ չկա… Նրանք առաջ են եկել ու հասել Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական տարածքներ, հանդեր, գյուղացիների ունեցվածքը»,–ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով` այս ամենից հետո, թե ինչ են բանակցում ադրբեջանական կողմի հետ, հայտնի չէ։ Նա նշել է, որ անհրաժեշտ էր պաշտպանիչ քայլեր ձեռնարկեին, որ ադրբեջանցին չկարողանար առաջ գալ։

Ըստ նրա, երեք տարվա դառը փորձը կա` որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում նրանց հանել այնտեղից:

«Ամեն դեպքում, այս իշխանությունների դեպքում անհնար է լինում դա անել»,-հավելել է նա։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել

Ապրիլի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման արդյունքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։