Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հեռանում է պաշտոնից` ՀՀ և ՌԴ կառավարությունները մերժել են նրա՝ ևս 5 տարով ՀՌՀ ռեկտոր վերընտրվելու պատրաստակամության մասին դիմումը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մայիսի 14-ին լրանում է իմ՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը: Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը:
Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:
Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ամողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:
Ինձ մնում է շնորհակալություն հայտնել ՀՀ և ՌԴ բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի Լավագույն համալսարան ճանաչված հաստատություն:
Ուրախ, Հպարտ և Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը: Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել»,-ասվում է գրառման մեջ։
Անդրադառնալով իր անելիքներին՝ Դարբինյանը չի բացառել մասնավոր համալսարանի ստեղծումը:
«Իսկ ի՞նչ եմ մտադիր անելու ես: Չեմ բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը՝ նույն արժեքների՝ Սիրո, Ազատության, Արդարության, Արժանապատվության, Համերաշխության, Իմացության և Անձնային աճի տիրույթում: Սա իհարկե կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, և այս իմաստով ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար:
Եղել և մնում եմ Հայի, Հասարակության և Պետության Սուվերենության և՛ զինվորը, և՛ հրամանատարը»,-ասվում է գրառման մեջ։
2022-ի հունվարին Արմեն Դարբինյանը հայտնել է իր հավանական հրաժարականի մասին՝ նշելով, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ «չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը։ Դարբինյանը, շնորհակալություն հայտնելով հրաժարական չտալու հորդորների համար, նշել էր, որ ռեկտորի հաջորդ ընտրությունները 2023-ին են և ինքը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել։