Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։
Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին խորհրդարանի որոշման նախագիծը:
«Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ն, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023-ի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ.-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:
Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով»,-ասվում է դատախազության հաղորդագրութան մեջ։
Նշվում է, որ Երևանի դատախազությունում քրվարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս պատգամավորի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:






