ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոնում է, հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը։
Նշվում է, որ շուտով կսկսվեն հանդիպումները։
Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի արագ արձագանքի շնորհիվ վերացվել է Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը։
«Համապատասխան որոշումը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ-ին»,-ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան բանավոր հայտնել էին, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։
ԱԺԲ-ն նշել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019-ի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը և որ դիմելու են իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները:






