AM
10 April 2023 - 12:33 AMT

Վիվա-ՄՏՍ. Ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրն ավարտվել է

Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը` Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) աջակցել են Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին փողոցային լուսավորության ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում։

Ավելի քան երեսուն տարի արտաքին լուսավորություն չունեցող Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում բնակիչները ստիպված են եղել համակերպվել մթության մեջ ապրելու պայմաններին։

Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ, լուսավորվել է գյուղի գլխավոր փողոցը՝ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը (1450մ):

Նոր տեխնոլոգիաներով աշխատող էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլով 2022-ի տարեվերջին տեղադրվել է 43 LED լուսարձակ, լուսավորվել 1550 մ երկարությամբ՝ երկրորդական փողոց: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 81 LED լուսարձակ, լուսավորվել է 3000 մ ճանապարհ:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է՝ բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքների համար. էականորեն կրճատվում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ապահովում են բարձր լուսատվություն, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Հեռավոր մարզերում կայուն զարգացում ապահովելու՝ գործընկեր կազմակերպությունների ձգտումը դառնում է իրատեսական: Երիտասարդ սերնդի համար նման ծրագրերը կարևոր խթան են ծննդավայրում ապրելու և զարգացման հեռանկար տեսնելու առումով:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ: