AM
10 Ապրիլ 2023 - 13:06 AMT

Սիսիանի բնակիչ. Ադրբեջանցին մտել է տներից մեկը, հաց կերել, տան տիրոջ բաճկոնը հագել ու դուրս եկել գյուղամեջ

Սիսիանի բնակիչներից մեկը, խոսելով ՀՀ տարածքում հայտնված և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասին, ասել է, որ ադրբեջանցի զինվորականը մտել է Սիսիանի գյուղերի տներից մեկը, հաց կերել, տան տիրոջ բաճկոնը հագել ու դուրս եկել գյուղամեջ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ տան տիկինը իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։

«Մտել ա տներից մեկը, հաց ա կերել, շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տան տիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել։ Հետո գնացել ա նստել ա գյուղի խանութի առաջ, որ կառտ խաղա»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ ուրիշներից է այդ պատմությունը լսել։

Նրա խոսքով՝ խանութի մոտ հավաքված տղամարդիկ գլխի են ընկել, որ իրենց դիմաց ո՛չ հայ է, ո՛չ ռուս, բռնել են, զանգել են ԱԱԾ, եկել են՝ տարել։

«Ռուսերեն կմկմացել ա, բռնել են, ասել են՝ հլը տեսնենք՝ էս ով ա։ Նենց տեղերից է անցել, որ էնտեղ պոստ կա, անհնար ա ընդեղից անցնել։ Պոստերով չէ, է՜ն վերևներով ա եկել։ Մառախուղ ա եղել, մոլորվել ա»,- նշել է բնակիչը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ «Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողի հետ կապը կորել է, նրանք մոլորվել են։