AM
10 Ապրիլ 2023 - 13:47 AMT

Միրզոյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ և շնորհավորել նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների: Միրզոյանը դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը:

Զրուցակցիներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:

Միրզոյանը և Սահա Սինհան նշել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների: Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը ևս պարարտ հող են ստեղծում միջպետական գործընկերության հետագա զարգացման համար:

Նիլակշի Սինհան մինչ ՀՀ-ում դեսպան նշանակվելը զբաղեցնում էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը: