Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է նախագիծ, որի ընդունման դեպքում անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տալու դեպքում տանտերը կարող է տուգանվել, հայտնում է Factor.am-ն իրավական նախագծերի հրապարակման միասնական հարթակին հղումով։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե գրանցված է սահմանված կարգով։ Իսկ համապատասխան գրանցում չլինելու դեպքում սահմանվում է պատասխանատվության միջոց՝ տուգանք։
Այսպիսով՝ օրենսգրքի 407-րդ հոդվածում կկատարվի հետևյալ լրացումը․ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքների՝ Կառավարության սահմանած կարգով չգրանցման հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։
Նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը, այնուհետև Ազգային ժողովին։






