Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 19:00-ն: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե բուժաշխատողների աշխատաժամերը կփոփոխվեն։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը վստահեցրել է` բուժանձնակազմը գրաֆիկի ծանրաբեռնվածություն չի զգա, կաշխատեն հերթափոխով: Շաբաթական մեկ օր կլինի նաև նեղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19:00-ն:
Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կգործարկվի թվային դեղատոմսը: Այս պահին արդեն հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում էլեկտրոնային դեղատոմսով դուրս է գրվել 800,000 դեղ: Մոտ ժամանակներս միայն էլեկտրոնային դեղատոմսով կնշանակվեն բոլոր հակաբիոտիկները, ինչի բացակայության դեպքում դեղատունը չի կարողանա վաճառել հակաբիոտիկ:
Ընթացիկ տարում կիրականացվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտի ներդրման պիլոտային ծրագիր, կվերանորոգվի մարզային 10 պոլիկլինիկա և գյուղական 20 ամբուլատորիա:






