Ապրիլի 11-ի առավոտյան AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքաթիռը ժամը 7։53–ին վայրէջք է կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքում։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Եղանակը Երևանում շատ վատ է եղել, տեսանելիությունը՝ նույնպես։ Եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ մոտակա օդանավակայաններում են իջնում։ Սա սովորական դեպք է՝ ցանկացած երկրում ցանկացած ավիաընկերության հետ կարող է լինել»,–ասել է Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ վերջին տվյալներով՝ ինքնաթիռը դեռ կանգնած է Էրզրումում, սակայն յուրաքանչյուր պահի կարող է վերադառնալ, քանի որ եղանակը բարելավվել է։ Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա, ըստ Աղաբեկյանի, հնարավոր է՝ նրանք սպասեն ինքնաթիռում, հնարավոր է՝ իջեցվեն, կախված սպասելաժամանակից։
Աղաբեկյանը հավելել է, որ ապրիլի 11-ին Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ 6։40-ին իջել է Թբիլիսիում` կրկին նույն պատճառով։ Այս ինքնաթիռը, սակայն, արդեն վերադառնում է Երևան։