Հայաստանի տարածք ներխուժած երկրորդ ադրբեջանցուն դեռ չեն գտել։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Այս պահին որոնողական աշխատանքներն իրավապահ մարմինների հետ գործակցությամբ շարունակվում են»,-ասել է նա։
Թորոսյանը չի պատասխանել հարցին, թե միայն Սյունիքի մարզո՞ւմ են որոնում զինծառայողին։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել են գյուղացիները։
«Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Ստեղ ում որ բռնել են, զինվորական չի եղել, քաղաքացիական հագած է եղել, Աշոտավանի փողոցից են բռնել: Մյուսին չենք տեսել, ամբողջ տարածքով ման են գալիս բոլոր համապատասխան ուժերը», – ասել էր Սիսիանի համայնքապետը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողի հետ կապը կորել է, նրանք մոլորվել են։
Ընթերցեք նաև․ Սիսիանի բնակիչ. Ադրբեջանցին մտել է տներից մեկը, հաց կերել, տան տիրոջ բաճկոնը հագել ու դուրս եկել գյուղամեջ