Վաղ առավոտից գերիների հարազատները փակել են Բավրայի մաքսատուն տանող ճանապարհը։ Նրանք ասել են, որ 860 օր է` իրենց զավակները գերության մեջ են, հայտնում է «Ազատությունը»։
«Մենք մեր երեխեքին ենք պահանջում։ Էսքան ժամանակ միշտ խաբել են, էլ համբերելու տեղ չունենք», – ասել է ցուցարարներից մեկը։
Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 38 գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև «ահաբեկչություն»: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է մոտ 80 հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։