AM
11 April 2023 - 13:57 AMT

Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը Երևանում է

AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի` Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ եղանակային վատ պայմանների պատճառով այսօր Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը վայրէջք էր կատարել Էրզրումում, իսկ Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ Թբիլիսիում էր իջել։

«Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Եգիպտոսից Երևան ժամանող ինքնաթիռը։ Իսկ Մոսկվա–Երևան ինքնաթիռը, որն իջել էր Թբիլիսիում, ավելի վաղ է ժամանել Երևան»,–ասել է Աղաբեկյանը։

Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ ինքնաթիռները մոտակա օդանավակայաններում են իջնում։