AM
13 Ապրիլ 2023 - 08:08 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է զորքերը հետ քաշել ՀՀ-Ադրբեջան 1991թ. սահմանային գծի ամբողջ երկայնքով

Կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ. Գործադիրի անդամները հարգել են ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպի վերաբերյալ ԵՄ հայտարարությանը, որտեղ ասվում էր 1991 թվականի սահմանագիծը պահպանելու անհրաժեշտության մասին, ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ամբողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա։

Վարչապետը հավելել է, որ 1991-ի Ալմաթիի հռչակագրով ընդգծվում է զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության երաշխիք։

«Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ամբողջ երկայնքով։ ՀՀ-ն դեռևս 2021-ից է նման պատրաստակամություն հայտնել, դա բխում է Պրահայի եռակողմ և Սոչիի քառակողմ պայմանավորվածություններից»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ այդպիսի լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը՝ հրադադարի ռեժիմի պահպանման, գերիների վերադարձի, ուժի կամ ուժի չկիրառամն սպառնալիքի, որի վերաբերյալ գրավոր համաձայնություն է ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին Սոչիում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցում։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։