AM
13 April 2023 - 11:01 AMT

Սայաթ-Նովա պողոտայում մոտ 60 հաստաբուն ծառ է հատվել․Քաղաքապետարանն ասում է՝ կենսունակ չեն

Վաղ առավոտից քաղաքապետարանը փակել է Սայաթ –Նովա պողոտան և հատել է արտաքինից առողջ թվացող մոտ 60 հաստաբուն ծառ։ Ինչպես Կասկադի հարակից հատվածում ծառահատումների ժամանակ, այժմ էլ քաղաքապետարանը նույն կերպ է պատճառաբանում` նշելով, որ ծառերն ապրել են իրենց կյանքը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մարտի 23-ին Երևանի կենտրոնում, մասնավորապես Կասկադում, բազմաթիվ ծառեր էին հատվում, որոնք, ըստ քաղաքապետարանի այլևս կենսունակություն չունեցող և դեֆորմացված ծառեր էին։ Թեպետ փորձագետները դրա վերաբերյալ այլ տեսակետ ունեին։

«Այս պահին Սայաթ–Նովա պողոտայում իրականացվում է կենսունակությունը կորցրած թեղի տեսակի ծառատեսակների փոխարինումը ավելի ֆունկցիոնալ սոսի տեսակի ծառատեսակներով, որոնց կյանքը բավականին երկար մի քանի հարյուր տարի է ի տարբերություն թեղիի, որի կյանքը 60-80 տարի է։ Թեղի տեսակի ծառերը սաղարթ անգամ չունեն և սաղարթ չեն ձևավորում»,–լրագրողների հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցրել է, որ այս ծառերը հատելը և նորերը տնկելը բնակիչների առողջության համար է արվում, քանի որ այդ ծառերից «շիրա է թափվում և ստվեր չի ստեղծվում»։

Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ,կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվի Գրիգորյանը հաստատել է, որ հատված ծառերի մեջ եղել են առողջ ծառեր, որոնք թվաքանակով քիչ են եղել, սակայն էսթետիկ առումով նպատակահարմար չեն գտել դրանք պահպանել։

«Եթե անգամ մեկ–երկու ծառ լինեին դրանց մեջ, որոնք առողջ լինեին, դա թողնելը սխալ կլիներ։ Պատկերացնում եք` այս ամբողջ փողոցում տնկվեր գնդաձև սոսիներ, երկու հատ ուրիշ սաղարթով ծառ լիներ։ Պետք է միատարրությունը ապահովվի, դա կանաչապատման կանոններից մեկն է»,–ասել է Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ հատված մոտ 60 ծառի փոխարեն տնկվել է 50-55 սոսի։

Ինչ վերաբերում է ծառահատումների վերաբերյալ փորձագիտական դաշտից հնչող քննադատություններին` քաղաքապետարանի ներկայացուցիչները ընդգծել են, որ որևէ լուրջ բուսաբանի կարծիք չեն լսել, որը քննադատել է գործողությունները։

Իսկ սոսի ծառատեսակի ընտրության վրա կանգնել են, քանի որ Մաշտոցի և Սայաթ– Նովա պողոտաները սոսի տեսակի ծառատեսակով են հարուստ։

Երևանի մի շարք փողոցներում ծառերի վրա փակցված են «Ծառը ենթակա է հատման և փոխարինման» գրությամբ ծանուցման թերթիկներ։ Հաջորդ ծառահատումը նախատեսվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը ավելի վաղ հայտարարել էր, որ կատարվելու են կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինում առավել արժեքավոր, ֆունկցիոնալ, գեղատեսիլ ծառերով։ Մեկնարկային աշխատանքների սկսելուց հետո հանրային լայն դժգոհություն էր առաջացել քաղաքացիների և մի շարք փորձագետների մոտ։ Մասնավորապես նրանց մոտ կասկածելի է թվացել փոխարինվող ծառատեսակների արդյունավետությունն և հատվող ծառերի ոչ կենսունակ լինելը։