ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանությանն ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ որևէ տվյալ չկա։
«Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք»,-ասվում է գրառման մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
«Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ նրան հայտնաբերել են Կապանում։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։






