AM
13 Ապրիլ 2023 - 12:26 AMT

Ադրբեջանցի զինծառայողին գյուղացիները բռնել են Աճանան գյուղին հարող մայրուղում

ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին, որը ձերբակալվել է մի քանի ժամ առաջ, նկատել են Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղի բնակիչները գյուղին հարակից մայրուղում։ Այդ մասին ասել է Աճանանի գյուղապետ Գարիկ Աթայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մայրուղու տարածքում գյուղացիները նկատել են կեղտոտ, ադրբեջանցու համազգեստով մեկին, որը կասկածելի է թվացել նրանց։ Դեմը կտրել են ու զանգել ոստիկաններին»,– ասել է նա։

Գյուղապետը դժվարացել է ասել` ադրբեջանցին մինչ այդ եղել է գյուղի տարածքում, թե ոչ։

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ նրան հայտնաբերել են Կապանում։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։