Կապանի ճանապարհին ձերբակալված ադրբեջանցին մինչև բռնվելը հեռախոսով ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ադրբեջաներեն դիմելով իր հայրենակիցներին, ասել է, թե «հայի արյուն են թափել և պետք է գնահատվեն»։
«Մենք թափեցինք հայի արյուն։ Մենք գլխատեցինք հայերին, իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- ասել է նա տեսանյութում, հայտնում է Panorama.am-ը։
Ավելի վաղ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանությանն ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ որևէ տվյալ չկա։ Ապրիլի 12-ին հայտնաբերվել է ԶՊՄԿ–ի աշխատակցի՝ 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով:
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ նրան հայտնաբերել են Կապանում։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։






