44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը Քննչական կոմիտեի դիմաց, որը նրանք սկսել են ապրիլի 13-ին։ Նրանք մինչև ժամը 15:00-ին ժամկետ են տվել այդ կառույցին, որպեսզի կատարի իրենց պահանջը։
Նրանք նշել են, որ պահանջը չկատարելու դեպքում, կձեռնարկեն կտրուկ քայլեր, հայտնում է Panorama.am-ը։
Զոհվածների հարազատները պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկանին, որոնք փաստացի 2022 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր զինվորական պանթեոնում մարմնական վնասվածքներ են հասցրել ծնողներին։
Ապրիլի 13-ին փողոց փակած զոհված զինծառայողի մայրն ասել էր․ «Այս ամենը խոսում է անօրինության մասին։ Մենք այսօր պահանջում ենք հանդիպում՝ պարզելու,թե ինչու ընթացք չի ստացել գործը։ Մարդիկ նույնիսկ չեն բարեհաճում մեզ հետ հանդիպել, երևի վերևից հրահանգ չունեն։ Մենք էլ անցանք այս գործողությանը»,- ասել էր նա։
Ցուցարարները փակել էին Մամիկոնյանց փողոցը։
2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել, սակայն դեռ որևէ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։