AM
18 Ապրիլ 2023 - 06:58 AMT

Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել․ Կան ձերբակալվածներ

«Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեում ՔՕ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022-ի մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 110,000 դոլար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022-ի հոկտեմբերից մինչև 2023-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վարդան Ղուկասյանը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ երկու գիշերային ակումբների գործունեության մասին։

Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022-ի աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը։ Այցելելուց հետո նա Վ. Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Վ. Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։ Դրանից մոտ 10 օր անց, կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է ակումբ և Վ. Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։ 2023-ի մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և պահանջել է 60,000-100,000 դոլար գումար փոխանցել Վ. Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Վ.Ղուկասյանն ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։

Ա. Գալստյանը և Ա. Մկրտումյանը ձերբակալվել են։

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։

ՔԿ-ն քննում է հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ հանցագործությունների դեպքեր։