AM
18 Ապրիլ 2023 - 07:48 AMT

ՀԱԿ-ը կոչ է անում հասարակական հարթակ ստեղծել Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն առաջարկում է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել և այդ կոչով դիմել է ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին։

Հայտարարության մեջ ասվում է, որ «հիշյալ անձն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»։

«Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջև թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում):

Դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին, մենք գիտակցում ենք, անշուշտ, որ Սիմոնյանի շուտափույթ պաշտոնանկությունը ոչ թե նրանց, այլ, առաջին հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն էր։ Այնինչ, նշված կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։ Ավելին, որոշ կարկառուն ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել Սիմոնյանի արարքը։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետևաբար, մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետև կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»։

Անշուշտ, ներկայիս ծանրագույն պայմաններում մեր ժողովուրդն ունի բազմաթիվ գոյաբանական խնդիրներ, մեր անվտանգությանն սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնց նկատմամբ մեր իշխանությունների արձագանքներն ամենևին բավարար չեն՝ ի մասնավորի նաև այն պատճառով, որ դրանց անհամարժեք դիմագրավումը, իշխանությունների անկարողությունից բացի, բացատրվում է մեր ժողովրդի նկատմամբ իրենց ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքով։ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը դրա ամենախայտառակ դրսևորումն է»,-ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։ ։

«Դեմոկրատական այլընտրանքը» միացել է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հարթակ ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով, որ փողոցում իր հետ տեղի ունեցած միջադեպը, երբ նա թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին, շարունակում է քննարկվել, ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից

Սիմոնյանն, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրեն պաշտոնանկ անելու ՔՊ-ին ուղղված հորդորին, գրել էր, որ ամեն բան սպասում էր, բայց որ Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: «․․․Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է»,-գրել էր Սիմոնյանը: