AM
18 Ապրիլ 2023 - 08:19 AMT

Փաշինյանը` խաղաղության մասին. ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը և խոսելով խաղաղության օրակարգի մասին, ասել է, որ խաղաղության հասնել նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանի հետ։ Նրա խոսքով քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն` խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գրում է Sputnik Արմենիան։

«Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք։ Հակառակ դեպքում, առնվազն մեր պետության գոյություն չունենալը դառնալու է ուրիշների օրակարգի խնդիր: Այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնի։

Փաշինյանը հավելել է, որ 2022-ին հիփոթեքով եկամտահարկի ծրագրով 29 000-ից ավել մարդ է բնակարան ձեռք բերել։ Նրա խոսքով` սա նշանակում է, որ մարդիկ հավատացել են խաղաղության օրակարգին։

Պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցն է: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։