Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:
Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ ապրիլի 17-ին Երևանում հանդիպմանը քննարկել են հայ–թուրքական սահմանի բացման հարցը։ Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորմանը: