AM
18 April 2023 - 10:24 AMT

Փաշինյան․ Հուսով եմ՝ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը:

Նա նշել է, որ երկու երկրի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Վարչապետը հավելել է, որ այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, երբ հայկական կողմը որոշեց արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին:

Փաշինյանը հավելել է, որ Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէին կայացնի, եթե չփոխեին պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու դիտանկյունն այս ժամանակահատվածում:

«Թուրքիան իր հերթին Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,–ասել է վարչապետը։

Նա կարևորել է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը հատելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի։

ՀՀ-ն փրկարարներ և հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա փետրվարի 6–ին տեղի ունենցած ավերիչ երկրաշարժից հետո։ Մարգարայի կամուրջը բացվել էր Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու համար, իսկ փետրվարի 15-ին Թուրքիա է այցելել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։