Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում, կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը ներկայացնելիս, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտությանը։
«Խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,-ասել է նա հավելելով, որ այդ մասին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են Պրահայում և Սոչիում։
«Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Բաքուն նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ հայկական կողմն առաջարկել է, որ խաղաղության պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ների, ԽՍՀՄ կողմից պատրաստված քարտեզները որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք։
Փաշինյանը կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։
«2018-ին առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն։ Հայկական կոնցեպտ է եղել, որ Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի, Ադրբեջանի ու մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից: Եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու դա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշում: 2007-ին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի, եթե մենք ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս: Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս ու ամբողջ պատերազմները դրա հետ են կապված եղել»,- ասել է Փաշինյանը։
Ապրիլի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե երբ հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, դա ընկալվում է որպես հրաժարում ԼՂ–ից, հայտարարել է, որ «հայկական կողմի հանճարեղ դիվանագիտության արդյունքում» Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս։ Ըստ նրա, ինքնորոշվել նշանակում է լինել որևէ տեղ և տեղափոխվել մեկ այլ տեղ՝ Մադրիդյան սկզբունքներից հետո այն տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձել է Ադրբեջանը, իսկ մինչ այդ ԽՍՀՄ-ն էր։