AM
18 Ապրիլ 2023 - 12:26 AMT

Փաշինյան․ Մարդիկ հավատում են «Ապագա կա» կարգախոսին՝ ՀՀ-ում 55,000 բնակարան է կառուցվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, վստահություն է հայտնել որ անկախ մարտահրավերներից, սահմանային անկայունությունից մարդիկ հավատում են իշխող ուժի «Ապագա կա» կարգախոսին և խաղաղության օրակարգին։

Վարչապետն իր խոսքերը հիմնավորել է այն հանգամանքով, որ այս պահին Հայաստանում մեծածավալ բնակարանաշինություն է իրականացվում ՝ 55,000 բնակարան է կառուցվում։

Նա նշել է, որ բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը, որի համար կառավարությունն է աշխատելու պայմաններ ստեղծել:

«Իմ գնահատմամբ սա կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ կառուցել»,-ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։