AM
18 April 2023 - 14:11 AMT

Ավինյան․ Մարզահամերգային համալիրի բակում կտեղադրվի Դեմիրճյանի արձանը

Մինչև տարեվերջ Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ:

Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի զարգացման և կայացման հարցում, ինչի արդյունքում տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են Կարեն Դեմիրճյանի անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս»,-ասվում է գրառման մեջ։

Տարիներ առաջ պետությունը մտադիր էր տեղադրել Դեմիրճյանի արձանը Մաշտոցի պողոտայում, սակայն նախագիծն այդպես էլ ընթացք չէր ստացել: Մարզահամերգային համալիրի մոտ Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գումար էր հատկացվել դեռևս 2019-ի օգոստոսին։