ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն փաստին, որ պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել:
Նա ակնհայտ է համարել, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին։
«Ով գոնե նվազագույն չափով տիրապետում է ՀՀ քարտեզին ու գիտակցում, թե ինչ է նշանակում Սիսիանի ուղղությամբ ներթափանցելն ու այնուհետև Կապան համայնք հասնելը, բնականաբար գիտի, որ այս իշխանության պայմաններում, ՀՀ-ում տրամաբանորեն չկա մի բնակավայր, որտեղ չեն կարող մուտք գործել ադրբեջանցիները:
Տեղի ունեցածը կարող էր արձանագրվել սահմանագծի այլ ուղղությամբ, այլ մարզում, այլ համայնքում ու լրիվ այլ ելքով:
Դեռ պարզ չէ, թե ՀՀ տարածք մուտք գործելով ինչ նպատակներ են հետապնդել 2 ադրբեջանցիները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին:
Մեր երկրում անվտանգությունն արտահայտվում է մեկ ձևով` Փաշինյանի անձնական պաշտպանությամբ, այլ բան նրան ու նրա իշխանությանը չի հետաքրքրում»,-ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը Կապան տանող ճանապարհին։ Ավելի ուշ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին մեղադրանք է առաջադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նա հայտնել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին ավելի ուշ հայտնաբերել են Կապանում։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։