AM
19 April 2023 - 09:54 AMT

Սեֆիլյան․ Ականատես ենք լինելու ՌԴ հեռացմանը Հարավային Կովկասից

ԱՄՆ-ում գտնվող Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Նյու Ջերսիի հայ համայնքի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հեռանալու է Հարավային Կովկասից։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում առաջիկայում փոփոխություններ են սպասվում՝ ռուս-ուկրաիանական պատերազմի պատճառով փոխվելու է տարածաշրջանում գլխավոր դերակատարների շարքը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Մենք գտնվում ենք պատմական ժամանակաշրջանում։ Ոչ հեռու ապագայում ականատեսն ենք լինելու Ռուսաստանի հեռացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանից։ Մենք հայերս պարտավոր ենք կազմակերպվելու, պատրաստվելու՝ այդ պահը բաց չթողնելու համար»,-ասել է Սեֆիլյանը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանն ու Ժիրայր Սեֆիլյանն ԱՄՆ-ում են ամերիկահայությանը ներկայացնելու համար Հայաստանում տիրող իրավիճակն ու տարածաշրջանային զարգացումները։

Նրանք հանդիպումներ են ունենում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ապրող հայ համայնքի անդամների հետ՝ կարևորելով Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու հարցը։

Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան բանավոր հայտնել էին, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։ԱԺԲ-ն նշել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019-ի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը և որ դիմելու են իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները:

Ավելի ուշ արգելքը վերացվեց և ապրիլի 10-ին Սեֆիլյանն արդեն Վաշինգտոնում էր։