AM
19 April 2023 - 12:38 AMT

ՔՊ-ական պատգամավոր․ Ադրբեջանցիները դիրքեր են կառուցել մեր վարչական տարածքում՝ այդտեղ չպետք է լինեն

Սյունիքի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԱԺ-ում պատասխանելով Տեղ գյուղի մոտ ստեղծված իրավիճակի մասին լրագրողի հարցին, ասել է, որ հարաբերական խաղաղ վիճակ է, ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են:

«Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են, և այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի: Հիմա ոնց կհասնենք դրան՝ ժամանակը ցույց կտա»,-հայտարարեց պատգամավորը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավաստիացրել է, որ ՀՀ զինված ուժերը կարող են մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացման փորձերը կանխվեն և տեղեկացրել է, որ մի շարք նման փորձեր են եղել, որոնք կանխվել են:

Պատասխանելով Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր տեղադրելու հնարավորության մասին հարցին՝ պատգամավորն ասել է․ «Ադրբեջանն ինչ գործ ունի ընդհանրապես, որ խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում, նման բան չկա և չի կարող լինել»։

Նա հայտնել է, որ Տեղ գյուղից դեպի սահմանային գոտի կա հայկական ոստիկանական անցակետ և ոստիկանությունն, ըստ անհրաժեշտության անցակետեր է դնում կամ պարեկային, շրջիկ երթևեկություն է իրականացնում նաև այլ հատվածներում:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի երկու զինծառայողներին վերադարձնելու հնարավորության մասին հարցին՝ Խաչատրյանն ասել է, որ դեռ նման հնարավորություն չի տեսնում:

«Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական պրոցեսներ լինեն»,-հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ Բաքվում հայ ռազմագերիներ կան։

«Մի բան հստակ կասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, և հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»,- ասել է նա։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։