ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում Հայ ազգային կոնգրես կուսակցության` իր պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Նա ասել է, որ այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց է կորցրել, հայտնում է Sputnik Armenia-ն։
Ապրիլի 2-ին Կասկադի տարածքում տեղի էր ունեցել միջադեպ. մի տղամարդ Սիմոնյանին «դավաճան» էր անվանել, ինչի ի պատասխան էլ Սիմոնյանի թիկնապահները բռնել էին տղամարդու ձեռքերը, և ԱԺ նախագահը թքել էր նրա երեսին։ ՀԱԿ–ը դրանից հետո հայտարարեց, որ առաջարկում է Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել։
«Կարծում եմ` լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է կրկին փորձեն։ Այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց է կորցրել։ Յուրաքանչյուր նախաձեռնություն` նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան։ Ուրախ եմ, որ իրենց էլ առիթ եմ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն, թեպետ կարելի էր Լաչինի միջանցքի հետ կապված հարթակ ստեղծել, միջազգային իրենց նախկին փորձն օգտագործել»,–ասել է Սիմոնյանը` հավելելով, որ ՀԱԿ–ն «ամենալուրջ և ամենակարևոր» թեման ընտրեց այդ ամենի համար։
Սիմոնյանը ՀԱԿ–ին շնորհավորել է լուսանցքից դուրս գալու այդ տարբերակն ընտրելու համար և «ցավով» նշել, որ նրանք կմնան լուսանցքում։
Այն հարցին, թե թիմի ներսում քննարկվում է իր հրաժարականի հարցը, վերջինս բացասական պատասխան է տվել վստահեցնելով, որ միջադեպից հետո քաղաքական թիմում իր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն չի եղել։ Սիմոնյանի կարծիքով նման լուրեր են տարածում այն մարդիկ, որոնք ուզում են իրենց իշխանությունը թուլացնել։ Նրա խոսքով` սովոր է անընդհատ գտնվել խոշորացույցի տակ, «չնայած արդեն հոգնել է»։