AM
19 April 2023 - 13:57 AMT

ՀՀ և Լիտվայի նախագահները քննարկել են ԼՂ կարգավորումն ու Լաչինի շրջափակումը

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և այդ երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան անդրադառնալով հայ ադրբեջանական հարաբերություններին իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Լիտվայի նախագահը շեշտել է, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։

«Պատահական չէ, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, դա հետևանք է մեր դարավոր բարեկամության և համագործակցության»,- շեշտել է Գիտանաս Նաուսեդան։

Նախագահ Վահան Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ամուր հիմքերը երաշխավորում են այն ընդհանրական արժեքները, որոնք դավանում են երկու երկրները։ Դրանք են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությանը նպաստում է նաև այն, որ մեր երկրների պատմությունն ու ճակատագիրն ունեն մեծ նմանություն։ Մեր ժողովուրդները դժվարին խոչընդոտներ են հաղթահարել իրենց անկախության ճանապարհին և հասել են դրան, իհարկե ունենալով նաև ծանր կորուստներ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահներ Խաչատուրյանն ու Նաուսեդան զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-լիտվական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական անվտանգության, առողջապահության բնագավառներում: