Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ կառավարության շրագրող նախատեսված Ակադեմիական քաղաքում կարող է լինել 44 հազար ուսանող ու դասախոս։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է, որ առաջիկա շաբաթներին Հայաստան կայցելեն հրավիրված ճարտարապետներ՝ քաղաքի կառուցման շուրջ նախնական ուսումնասիրության համար։ Անդրեասյանը հավելել է, որ նպատակաուղղված են գնալու բուհերի խոշորացման ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման ճանապարհով, հայտնում է Factor.am-ը։
Անդրադառնալով ժամանակացույցին՝ Անդրեասյանն ասել է, որ այժմ ստեղծվում է ծրագիրն իրականացնող կառույցը։
«Օրերի հարց է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծումը, որ կիրականացնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախապատրաստական, իրականացման և հետագա կառավարման գործընթացները»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ակադեմիական քաղաքի կառավարումը տեղի կունենա առանձնացված կառույցի միջոցով։
Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը կազմված կլինի 3 կլաստերից՝ Հայֆիլմի տարածքում նախատեսվում է արվեստների կլաստերը, Աշտարակի Ֆիզիկայի տարածքում տեխնոլոգիական կլաստերը, երրորդ կլաստերում կտեղակայվեն սպայական, կրթական բուհերը, նաև գուցե միջպետական, միջազգային բուհեր։
Քննարկվում է նաև այդ տարածքում ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը։
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։