Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Տվյալ տարածքում դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են», – հայտնել են ՊՆ-ից։
Այն հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում, գերատեսչությունը չի պատասխանել։
Մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացման մասին։ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։
Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմից 4 հոգի զոհվել էր, 6-ը` վիրավորվել։