AM
20 April 2023 - 11:03 AMT

Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին․ Դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել է, որ հավատում է խաղաղության օրակարգին։

«Մեզ համար կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։ Իսկ որ ընդհանրապես երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում սեփական անվտանգության համար»,–ասել է Փաշինյանը։

Հարցին, թե այս պարագայում ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրում, Փաշինյանը պատասխանեց, որ նախ փաստ չէ, որ «ստորագրում ենք այն», գրում է Sputnik Արմենիան։

Վարչապետը նշել է, որ ինքը պատրաստ է և հույս ունի, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի` իր հասցեագրած խնդիրների հասցեագրման շրջանակներում։

Նա հավելել է` խաղաղության պայմանագիր են ստորագրում (եթե, իհարկե, ստորագրեն), քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում։ Իսկ ստորագրման պարագայում, ըստ նրա, հավանականությունը քիչ է, որ այդպես կլինի։

Միաժամանակ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին` նա հավելել է, որ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններ է անում, որպեսզի ՀՀ–ն տրվի դրան և տեղավորվի այն պլանի մեջ, որն Ադրբեջանն իր մտքում ունի։

2022-ի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկները: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։