AM
22 April 2023 - 07:40 AMT

Team-ը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Հավատարիմ լինելով իր՝ շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը։

Երկրի օրը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է Invest in our Planet խորագրի ներքո։

Որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք որդեգրած ընկերություն՝ Team-ն արդեն մի քանի տարի է, ինչ անցում է կատարել էներգաարդյունավետ լուծումների՝ կապի և հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները։

Ընկերության ավտոպարկը շարունակում է համալրվել էլեկտրամոբիլներով․ 2022-ին ձեռքբերած մեքենաների 98%-ը էլեկտրամոբիլներ են, որոնք աշխատում են անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով։

Ներկայացնելով ընկերության բնության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Team Telecom Armenia ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է վարել ռեսուրսախնայող գործունեություն, նվազագույնի հասցնել իր գործունեության հետևանքով առաջացող շրջակա միջավայրի հնարավոր աղտոտվածությունը՝ շեշտելով, որ իրենց ռազմավարական ծրագրերը մշակելիս այս ուղղությանը շատ մեծ կարևորություն և առաջնահերթություն են տվել։

Team-ում ներդրվել է ռեսուրսների շրջանաձև օգտագործման հայեցակարգ (circularity), և թվային աղբի ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը՝ դրանք աղբավայր ուղարկելու փոխարեն։ Կրկնօգտագործումների և վերամշակումների շնորհիվ Ընկերության թափոնների և օգտագործվող թղթի քանակը նույնպես էականորեն կրճատվել է, իսկ վաճառակետերում ներդրվել են E-sim և E-pen տեխնոլոգիաները։

Այսօր Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման որոշ կենտրոններում անցկացվում է նաև էկոլոգիական հարցախույզ (quiz), որի մասնակիցները ստանալու են նվերներ։ Հարցախույզի անցկացման վայրերին և պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում։

«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին։