Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության անհրաժեշտությանը:
«Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,-ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Արդբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն»,-ասել է Փաշինյանը։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։