AM
28 April 2023 - 09:53 AMT

ԳՇ պետ․ 2022-ի սեպտեմբերին հարձակումը եղել է 5 ուղղությամբ, Ջերմուկում թշնամին ՀՀ է ներխուժել ավելի քան 60 քկմ մակերեսով

Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավելի քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ։

Ասրյանը հայտնել է, որ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղությամբ, որոնցից 2-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի, գրում է «Փաստինֆոն»։

«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Զինված ուժերը կրեցին կորուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք նաև տարածքային կորուստներ։ Ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստanի ինքնիշխան տարածքում»,- ասել է Ասրյանը` արձանագրելով, որ մեծ վնասներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես մինչ այս պահը չի գործում Ջերմուկի ճոպանուղին։

ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատել։

«Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», – ասել է ԳՇ պետը, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ Ասրյանի, առաքելությունը կատարում է իր առջև դրած խնդիրը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։