AM
28 April 2023 - 10:50 AMT

Աբրահամյան․ Ջերմուկ այցի ժամանակ լուսանկարվում էր առաջնագիծը, նաև՝ մեր բնագծերի թիկունքը

Աժ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԽ քարտուղարի, ԳՇ պետի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակության այցին Ջերմուկ, նշել է, որ լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը։

Նա նկատել է, որ եթե այդպիսի կադրեր հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ մեկը, ապա իշխանությունը նրան 5-րդ շարասյուն կորակեր։

«ԳՇ պետը մանրամասն ներկայացնում էր թշնամու առաջխաղացման ճակատը, խորությունը, մխրճման հատվածները, տարածքային կորուստները, ցույց տալիս, թե որտեղ են եղել մինչև 2022-ի սեպտեմբերյան հարձակումը, ապա հետո որտեղ են դիրքավորվել:

Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:

Նպատակս պնդելը չէ, թե դրանով անվտանգության կանոններ են խախտվել, այլ այն, որ եթե այդպիսի կադրեր իր այցի շրջանակում հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ քաղաքացի` ընդդիմադիր գործիչ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ պարզապես տարածքի բնակիչ, ապա իշխանությունը նախ նրան 5-րդ շարասյուն կորակեր, ապա մեր երկրի վերջին 5 տարվա բոլոր ողբերգությունների պատասխանատու կհռչակեր, դեռ չեմ խոսում իրավապահներին իջեցվող քաղաքական հանձնարարությունների մասին»,-ասվում է գրառման մեջ:

Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավելի քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ։