AM
28 April 2023 - 11:12 AMT

Երևանն առաջարկում է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵՄ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։

Նա նշել է, որ Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կարողությունները, գրում է Panorama.am-ը։

«Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե մարդկանց թվաքանակը, թե նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Գրիգորյանը։

Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի 2 տարվա մանդատ: Առաքելության կազմում դիտորդներ կան ԵՄ անդամ 25 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Շվեդիայից և այլ երկրներից: