AM
29 April 2023 - 07:08 AMT

Միջոցառումներ Երևանում և մարզերում՝ Քաղաքացու օրվա առթիվ

Ապրիլի 29-ին Քաղաքացու օրվա առթիվ ՀՀ բոլոր մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում, կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են երկու մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Բանախոսություններին կմասնակցեն 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն կունենան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկումներ: Հրավիրված բանախոսները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են:

Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 12:00-ին, իսկ մշակութային միջոցառումները՝ ժամը 13:30-ին:

Մարզերում բանախոսությունները նախատեսված են ժամը 11:00-ին և 15:00-ին, որոնց կհաջորդեն մշակութային միջոցառումները:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019-ից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։