ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ապրիլի 27-ին բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակում կա Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի մասին։ Գլխավոր վեհաժողովի 122 անդամ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կողմ է քվեարկել բանաձևին։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան Twitter-ում հայտնել է, որ ՌԴ-ն ցանկացել է հեռացնել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բանաձևից։ Սակայն նրանց փորձերը ձախողվել են, բանաձևին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան, հայտնում է Factor.am-ը։
Բանաձևում Ռուսաստանի գործողություններին գնահատական տվող կետը ձևակերպված է հետևյալ կերպ․ «Ընդունելով նաև այն, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրացնել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության վրա հիմնված խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»։