AM
1 May 2023 - 11:19 AMT

Կարկուտը վնասել է Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջանների համայնքները

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջանների համայնքներին, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մայիսի 1-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանձք համայնքների տարածքում։

Կարկուտի տեսքով տեղումները շարունակվել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն և Հիլիս համայնքներում։

Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։

Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի մոտ 36 համայնքում։

Նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, 1 անասնաֆերմայի պատ փլվել է, 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:

Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։

Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։