ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ադրբեջանական անցակետով մի քանի արցախցինրի անցնելուն և ԱՀ պետանախարարի արձագանքին, նշել է, որ պետնախարարի մեկնաբանությունը համոզիչ չէ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Պատգամավորը հավելել է, որ խնդիրը ոչ թե ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները։ Ըստ նրա ԱՀ նախագահը, պետք է պարզաբանի, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը։
«Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:
Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետև մեկ շաբաթ է մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:
Եվ ամենակարևորը, ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք բնականաբար տեղյակ էին իրավիճակից:
Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը:
Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում»,-ասվում է գրառման մեջ։
Շուշիի շրջանի լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող 4 գյուղի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու:
«Խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար>,-ասվում է ԱՀ պետնախարարի մեկնաբանության մեջ։