Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը, անդրադառնալով Կենդանաբանական այգին տեղափոխելու մասին հայտարարություններին, ասել է, որ նման քննարկում չի եղել։ Ասլանյանը կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին լսել է լրատվամիջոցներից, հայտնում է Aysor.am-ը։
Ապրիլի սկզբին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու արտահերթ նիստում հայտարարել էր, որ կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա, որով նախատեսվում է «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում նոր կենդանաբանական այգի կառուցել, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։
«Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին ես էլ եմ լսել լրատվամիջոցներից, քննարկում չի եղել, ենթադրում եմ՝ ընդհանուր քաղաքի էկոլոգիական զարգացման ծրագրի համատեքստում է հայտարարվել», – լրագրողների հետ զրույցում ասել է Ասլանյանը։
Նա ենթադրել է, որ հստակ ձևակերպված ծրագիր չկա:
«Այգին ունի կառավարման խորհուրդ, կառավարման խորհրդում էլ այդպիսի հարց չի քննարկվել, ինչից ես ենթադրում եմ, որ այդպիսի հստակ ձևակերպված ծրագիր չկա: Եթե լիներ՝ տեղյակ կպահեին, կքննարկեին», – նշեց նա:
Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին 3 հեկտար տարածության վրա։ 2019 թվականի սկզբին կենդանաբանական այգին ուներ 125 տեսակի 720 կենդանի։