Խորհրդարանական ընդդիմության կողմից որպես ՄԻՊ թեկնածու առաջադրված հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պարտավորեցնելու ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին և Ռուստամ Բաքոյանին ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարաններից խնդրելով պարտավորեցնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին (ով նաև հանդիսանում է խմբակցության քարտուղար) և Ռուստամ Բաքոյանին՝ ներողություն խնդրել 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իմ հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար՝ պահանջելով նաև փոխհատուցում։
ՀՀ վարչական դատարանում է գտնվում նաև իմ ներկայացրած հայցադիմումը՝ Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների խուլիգանական պահվածքի մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումից դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել, բացի դրանից, որ այն Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, իսկ այնտեղից՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն։
Հ․Գ․ Շնորհակալություն եմ հայտնում Fidelis Law Firm իրավաբանական խորհրդատվական ընկերությանը՝ մասնագիտական աջակցության համար»,- ասվում է գրառման մեջ։
Էդգար Ղազարյանը նաև հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել Ազգային ժողովի 11․04․2023 թվականի «Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը։
Ազգային ժողովն Անահիտ Մանասյանին է ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։