AM
2 May 2023 - 09:39 AMT

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որով նախատեսվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծել։

Վերակազմավորված կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծն, ասել է, որ առաջնային նպատակը գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ:

Նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե: Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա:

«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի եւ կապեր ունենա կրթական ծրագրերի հետ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ փաթեթում ներառված են երկու դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության բարեփոխմանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել փաթեթին։